Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, «պետությանը պատճառված հանրային վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Վաչե Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Այժմ քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ՝ նրանք ընդունել են մեղքը և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է զղջալու հիմքով։
Վահան Քերոբյանը և «Synergy» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը հրաժարվում են ընդունել իրենց մեղքը։