Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, թե ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեկ ժամ է տվել, որպեսզի պատասխանեն, թե որտեղից է ֆինանսավորվում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
«Ո՞վ է դա, ի՞նչ կերպար ունի ընդհանրապես։ Իրենք չկան, գոյություն չունեն, այս երկրում 15 հոգին կամ մի հոգու շուրջ այդ 15 սև ասպետներն են ուզում հասցնել իրենց չար նպատակների կատարմանը։ Եթե կենսագրությունը ցույց կտաք և եթե նա կպահանջի այն մարդուց՝ ձեռքը կտրել, ապա կպատասխանեմ։
Իրենց ամբողջ ուղեղը փողից, ֆինանսից չկտրվելն է, հանկարծակի ինչ-որ տեղ պատահականությամբ հայտնված լինելն է, չեն էլ կարող մտածել այդ մասին, թե ինչ իրավիճակի են հասցրել երկիրը, որ մարդիկ ստիպված են նորից դուրս գալ փողոց»,- ասաց Սրբազանը։
Արձագանքելով դիտարկմանը, թե ՔՊ-ից հայտնել են, որ եկող խորհրդարանական ընտրություններում շռնդալից հաղթանակ են տանելու, Սրբազանն ասաց․ «Իրենք պիտի իմանան՝ մասնակցո՞ւմ են նոր ընտրություններին, թե չէ։ Եկեք մեր ապագայից խոսանք»։