Հետևեք մեզ։

Ընդդիմությունը բերել է հայտարարություն, որի մեջ փորձել են ամփոփել ելույթներով, հանրահավաքներով արտահայտած ասելիքը, բայց դրա ընդունումը կամ չընդունումը որևէ իրավական հետևանք չունի․ Հակոբ Արշակյան

11:06, 12 հունիս 2024
Ընդդիմությունը բերել է հայտարարություն, որի մեջ փորձել են ամփոփել ելույթներով, հանրահավաքներով արտահայտած ասելիքը, բայց դրա ընդունումը կամ չընդունումը որևէ իրավական հետևանք չունի․ Հակոբ Արշակյան

Ընդդիմությունն ասում է, որ ամսի 17-ին ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստն իրավունքի ուժով իրագործվելու է, մնում է, որ Քաղաքացիական պայմանագիրն ունենա կամք և գա այդ նիստին։ Չի ասում, որ ունենա կամք ու չգա այդ նիստին, ի՞նչ է լինելու: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։


«Մի կողմ թողնենք այն, որ ընդդիմությունը որևէ նոր բան չի արել. ընդամենը բերել է մի հայտարարություն, որի մեջ փորձել են ամփոփել տարիներ շարունակ ելույթներով, հանրահավաքներով, բողոքի ակցիաներով արտահայտած իրենց ասելիքը։ Միակ տարբերությունն այն է, որ այդ ասելիքն այժմ էլ անվանափոխել և կնքել են Գալստանյանի անունով, իսկ նման հայտարարության ընդունումը կամ չընդունումը որևէ իրավական հետևանք չունի։ 


Շատ ավելի կարևոր է այն, որ ԱԺ որևէ հայտարարություն ընդունելու համար անհրաժեշտ ձայներ ապահովելու համար պետք է նախ ապահովել նիստի քվորումը, որը 54 պատգամավորի ներկայություն է պահանջում, իսկ այս պահին ներկայացված հայտարարության տակ կա ընդամենը 33 ստորագրություն... Էլ չեմ խոսում քվեարկության անհրաժեշտության մասին։


Սա նույնն է, ինչ ընդդիմությունն ասեր, թե իրենք անվստահություն են հայտնում կառավարությանը, և դրա համար պետք է, որ իշխող քաղաքական մեծամասնությունը միանա իրենց և անվստահություն հայտնի իր իսկ ձևավորած կառավարությանը։ 


Համաձայնեք, որ սա ծիծաղելի է։


Ամփոփելով` ցանկանում եմ Գալստանյանին տեղեկացնել, որ ԱԺ հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թ. ամռանը, իսկ մինչ այդ պետք է կուսակցություն գրանցել կամ համալրել որևէ կուսակցության շարքերը, կազմել նախընտրական ցուցակ, գրել նախընտրական ծրագիր և պատրաստվել ընտրապայքարի։


Ի դեպ Կանադայի անձնագրի հետ էլ հավանաբար մի բան պիտի արվի, կամ գուցե ճշտեք Կանադայի ընտրությունների ժամկետներն ու ընթացակարգերը»,-գրել է Արշակյանը։