Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հարցերը 2023 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության դժվարին մարտահրավերներից են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետական բյուջեի կարևոր հարցերից մեկը։ Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ։
Ընդ որում, սա ցուցաբերված աջակցության միայն այն մասն է, որ նշված սոցիալական խնդիրներին ուղղվել է առանձին ծրագրերի միջոցով»,-ասաց Խաչատրյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում Հայաստանի Հանրապետության կառավարության արձագանքը եղել է արագ և համակարգված։