ԱՄՆ-ն այս շաբաթ Իտալիայում կայանալիք Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի ընթացքում մտադիր է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և արտահանման հսկողության միջոցառումների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի հաղորդակցությունների հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մի շարք նոր արդյունավետ պատժամիջոցներ կսահմանի և արտահանման հսկողության միջոցներ կձեռնարկի՝ ուղղված այն կազմակերպությունների և ցանցերի դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ուկրաինայում պատերազմ մղելու համար:
Ըստ Քիրբիի՝ ձեռնարկված միջոցառումներն ավելի կսահմանափակեն Ռուսաստանի ապագա եկամուտները կարևոր ոլորտներում:
Միաժամանակ, Քիրբիի խոսքով, G7-ի գագաթնաժողովում կքննարկվեն ռուսական սառեցված ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու քայլերը։ G7-ի ղեկավարները հույս ունեն համաձայնության հասնել Կիևին օգնելու համար Ռուսաստանի Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրո սառեցված ակտիվների տոկոսներից շահույթն օգտագործելու շուրջ: Գաղափարն այն է, որ շահույթը որպես գրավ օգտագործվի Կիևին մինչև 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու համար