Ընդդիմությունը ուղերձ է ներկայացրել, ԱԺ-ն ընդունել է ուղերձը, որքանով հասկացա՝ սկի իրենք չեն ընդունել իրենց ուղերձը։ Այս մասին ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը՝ ընդդիմությունը պնդում է, որ խզում կա կառավարության կատարողականի և ծրագրի մեջ, հետևաբար, ըստ իրենց, լուծումը կաբինետի լուծարումն է, Փաշինյանը պատասխանեց․ «Ես առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»։
Անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց, «Տասնյակ անգամ ասել եմ՝ եթե ՀՀ ժողովուրդը ուզենա կառավարության փոփոխություն, ՀՀ ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն»։
Խոսելով ԱԺ տարածքում կենտրոնացված մեծաթիվ ոստիկանական ուժերի մասին՝ Փաշինյանն ասաց, թե ոստիկանների գործառույթն է ապահովել քաղաքացիների, այդ թվում՝ խաղաղ հավաքի կամ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը։