Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Վատիկանում։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։
Արամ Ա–ն Հռոմ է մեկնել Սուրբ աթոռում հավատարմագրված Լիբանանի դեսպանության և Քահանայապետական Արևելյան ինստիտուտի հրավերով` «Կրոնի դերը աշխարհաքաղաքականության մեջ» թեմայով դասախոսություն կարդալու:
Ելույթ են ունեցել Սուրբ աթոռի Լիբանանի դեսպան Ֆրարիտ Ալ Խազեն, Հռոմի պապի ներկայացուցիչ կարդինալ Քուրդ Քոխը և այլ եկեղեցական ու ակադեմիական ասպարեզի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Դասախոսության ավարտից հետո ներկաները հարցեր են ուղղել Արամ Ա-ին Միջին Արևելքի կացության, միջեկեղեցական հարաբերությունների և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Արամ Ա–ի և Ֆրանցիսկոս պապի հանդիպումը տևել է 30 րոպե, որի ժամանակ տեղի է ունեցել երկու եկեղեցապետների առանձնազրույցը։
Հռոմի պապի հետ հանդիպումից հետո ծրագրված է հանդիպում նաև Վատիկանի արտաքին գործերի նախարարի, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահի և արևելյան կաթոլիկ եկեղեցիների բաժնի նախագահի հետ:
Արամ Ա կաթողիկոսին ուղեկցել են կաթողիկոսարանի Միջին Արևելքի միջեկեղեցական և քրիստոնեա-իսլամական հարաբերությունների բաժանմունքի վարիչ Սարգիս վարդապետ Աբրահամյանը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը։
Հանդիպման ավարտին կողմերը նվերներ են փոխանակել։