Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանը դատապարտում է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը

19:16, 12 հունիս 2024
Անահիտ Մանասյանը դատապարտում է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը և հորդորում իրավասու մարմինների ներկայացուցիչներին և հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև զերծ մնալ հավաքի խաղաղ բնույթը ձևախեղող  ցանկացած գործողությունից: Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։

«Անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ ընթացքը ապահովելու պարտականություն, և պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Ստեղծված իրավիճակում Պաշտպանն ընդգծում է ԶԼՄ ներկայացուցիչների անխոչընդոտ մասնագիտական գործունեության իրականացման կարևորությունը: Mediahub.am լրատվական կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Պաշտպանի մանդատի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100:»,-ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։