Բելառուսը հանգիստ է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։
«Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է նա։
Շպակովսկին ընդգծել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը»։
«Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ»,- նշել է դիվանագետը։
«Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ»-ի մոտեցումը։
Մենք եղբայրական Ադրբեջանի հետ շփվել ենք և կշարունակենք համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- ընդգծել է Շպակովսկին։