Արցախցիները դիմացել են 32 տարի և 7 տարեկանից բարձր ցանկացած երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմ. 1-10 հարաբերակցությամբ ադրբեջանական ուժերին դիմադրել հնարավոր չէր, պետք էր փրկել կյանքեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի իշխանությունները 2 ժամ դիմացան և հանձնվեցին։
«Մենք ժամեր անց հասկացել ենք, որ մենակ ենք։ 1-10-ի դիմաց ադրբեջանական բանակին դիմադրելն անհնար էր, պետք էր կյանքեր փրկել ամեն բանի գնալով, ինչն արել ենք»,-ասել է նա։
Անդրադառնալով Փաշինյանի մեղադրանքներին, թե միլիարդավոր դոլարների զինամթերք են թողել, Շահրամանյանն ասել է․ «Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունն ում հաշվեկշռին էր, ով էր պատասխանատու դրա համար, ում էր ենթարկվում ՊԲ–ն։ Վերջերս Սամվել Բաբայանը նշել է, որ մինչև վերջին օրը ՊԲ–ն հանդիսանում էր ՀՀ ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում։ Թող չփորձեն մեղավորներ գտնել այդ հարցում, մնացած հարցերին առաջիկայում հնարավորություն կունենանք անդրադառնալու»։