Հետևեք մեզ։

ՀՀ կառավարությունը թույլ չի տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտային ԼՂ ժողովրդին օգտագործել իր կլանային նպատակների համար. Փաշինյան

10:58, 14 հունիս 2024
ՀՀ կառավարությունը թույլ չի տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտային ԼՂ ժողովրդին օգտագործել իր կլանային նպատակների համար. Փաշինյան

Հայաստանի կառավարությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, սակայն թույլ չի տա, որ ԼՂ–ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար: 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու հարցի քննարկման ժամանակ: 

 

«Հայաստանի կառավարությունն, ինչպես նախորդած ողջ շրջանում, աջակցելու է ԼՂ-ից բռնի տեղահանված քույրերին ու եղբայրներին՝ իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում: Բայց նաև ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը, մենք թույլ չենք տալու, որ ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար: Մենք շատ համբերատար ենք, հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, սակայն որևէ մեկը սա չպետք է շփոթի, ընկալի ու գնահատի որպես իշխանության թուլություն»,–ասաց Փաշինյանը:

 

Վարչապետը հույս հայտնեց, որ այս ուղերձի հասցեատերերը կընդունեն դրանք, չեն հասցնի նրան, որ կառավարությունն այդ ուղերձները «առաքի» կոնկրետ հասցեներով: