Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը լավագույն դեպքում շրջանակային փաստաթուղթ է լինելու ինչ-որ ընդհանուր սկզբունքների մասին, բայց այն Հայաստանի համար ոչինչ չի փոխի խաղաղության և անվտանգության առումով։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ–ի վերջին հայտարարությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամփոփել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ու Բաքվի հետ ստորագրել այն։
Այվազյանի խոսքով՝ խնդիրները շատ ավելի խորն են, քան ինչ-որ ժամկետներում ստորագրելու հարցը, Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ իր խոստումները, միջազգային պարտավորությունները ակնթարթի ընթացքում կարող է ոտնահարել։
«Եթե վերլուծում ենք իրավիճակն ու Ադրբեջանի մտադրությունները, ապա որևէ փաստաթուղթ հետագայում չի կարող խոչընդոտ դառնալ Ադրբեջանի և իրեն հովանավորող Թուրքիայի համար` նոր ոտնձգությունների ճանապարհով։ Եվ ամենևին պարտադիր չէ ռազմական միջոցներով. կան ագրեսիայի, ճնշման տարբեր միջոցներ` նույնիսկ հոգեբանական, որոնց միջոցով Ադրբեջանը նոր զիջումներ կկորզի ՀՀ–ից։ Այնպես որ, պետք չէ այդ պատրանքն ունենալ, որ փաստաթուղթը վերջ է դնելու մեր բոլոր դժբախտություններին։ Մեր պատկերացմամբ` խաղաղություն չի լինելու»,–ասել է նա։
Ստեղծված իրավիճակում նախկին արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը միայնակ չէ, և ՀՀ–ի` որպես կենսունակ պետության գոյությունն այս տարածաշրջանում ոչ միայն Հայաստանի ազգային շահերից է բխում, այլ նաև համապատասխանում է մի շարք երկրների դերակատարների պետական շահերին։
«Եվ այստեղ է, որ մենք պետք է կարողանանք ձևավորել ռազմավարական երկխոսություն և խորը համագործակցություն»,–հավելել է Այվազյանը։