«Հայաստան» համահայկական հիմնադրամը ձեռնամուխ է եղել աջակցել Հայաստանի Հանրապետության կայացմանը՝ մասնակցելով բազմաբնույթ, հսկայական կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նիստին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և այլք։
«Հիմնադրամն այդ նպատակներն իրականացնելու համար ստեղծել է համահայկական ցանց, որն էլ տարիների ընթացքում մեծանալով՝ այսօր դարձել է մեր իրականության մաս և շարունակում է իր առաքելությունը՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը և աշխարհի հայերին՝ իրականացնել Հայաստանի կայուն և համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ Հիմնադրման օրվանից ի վեր հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1500 խոշոր ծրագիր՝ ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում»,- ասաց Խաչատուրյանը։
Նախագահի խոսքով՝ հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության շնորհիվ։
«Ժամանակի հետ հիմնադրամը ևս ճշգրտումներ է անում իր ծրագրերում՝ դրանք ավելի արդյունավետ և օգտակար լինելու տրամաբանությամբ։ Դրանք հիմնականում կապված են Հայաստանում արագ տեղի ունեցած հսկայական փոփոխությունների և Հայաստանից դուրս, հատկապես սփյուռքահայության շրջաններում, տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Հիմնադրամն իր արդեն ձևավորած ավանդույթի համաձայն շարունակում է իր անմիջական ակտիվ մասնակցությունը համահայկական նշանակություն ունեցող բոլոր միջոցառումներին՝ Արցախից բռնագաղթածների, Սիրիայի և Լիբանանի մեր հայրենակիցների անհրաժեշտ օգնության իրականացմանը»,- ընդգծեց Խաչատուրյանը։
Օգտվելով առիթից՝ նախագահը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի հետ համագործակցող կառույցներին, հասարակական կազմակերպություններին հիմնադրամի տեղական մարմիններին՝ իրենց աջակցության և մեծ նվիրումով աշխատանքի համար։
«Իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն համայն հայությանը համախմբվածության, նվիրվածության, ներգրավվածության և վստահության համար»,- ելույթը եզրափակեց ՀՀ նախագահը։