«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2023 թվականի առաջին իսկ օրերից մեծածավալ օգնություն է տրամադրել շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 19-ից հետո օրակարգային դարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային օգնության տրամադրումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«2023 թվականի սեպտեմբերի 20-ից սկսած տեղահանության օրերին միայն Կոռնիձորում և Գորիսում հիմնադրամը և տեղական մարմինները, մեծամասամբ՝ Ֆրանսիայի մեր տեղական մարմինը, աջակցեցին 20 հազար ընտանիքի՝ հաղթահարելու դժվարին ճանապարհը՝ նրանց տեղում տրամադրելով սնունդ, ջուր և վառելիք։ Այնուհետև, արագ կազմակերպված ցանցային դրամահավաքի շնորհիվ 200 տոննա աջակցություն ցուցաբերվեց Հայաստան հասած ավելի քան 42 հազար տեղահանվածների. տրամադրվեցին մեծածավալ պարենային, հիգիենայի, անկողնային և կենցաղային պարագաներ»,- նշեց նա։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտեց նաև մարզային, հասարակական կազմակերպությունների դերակատարությունը, որոնց միջոցով էլ հիմնադրամը բաշխել է հումանիտար աջակցությունը Հայաստանի մարզերի մեծ մասում։