Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը խոսել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի մասին՝ նշելով, որ վերջինս այս պահին երկրում չէ։ Նրա հաղորդմամբ՝ վերջին անգամ Պետրոսյանի հետ խոսել է հունիսի 12-ի հանրահավաքի օրը։
«Երբ իր հետ խոսել եմ, ասել է՝ սև մեքենա է եղել, ներկայացել են ԱԱԾ-ից։ Ցերեկը հեռաձայնած են եղել իրեն, որ հրավիրեն հատուկ հանդիպման։ Հետո երեկոյան եկել են հանրահավաքի, բռնել են, մեքենան դրել ու գնացել Հրազդանի կողմ»,- ասեց Սրբազանը։
Հիշեցնենք, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը վերջին անգամ հավաքի մասնակիցների հետ է եղել հունիսի 12-ին․ հանրահավաքի մի պահից ոստիկանները սկսեցին լուսաձայնային նռնակներ կիրառել հավաքի մասնակիցների դեմ, այդ ժամանակ Պետրոսյանը անհետացավ։ Ավելի ուշ նա իր ֆեյսբուքյան էջում գրեց․
«Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել: Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին: Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է: Ես իմ ուղղուց չեմ շեղվելու»,-գրել է նա: