Հետևեք մեզ։

Ալիևն իր հայտարարությամբ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը . ՀՀ ԱԳՆ

15:22, 19 ապրիլ 2023
Ալիևն իր հայտարարությամբ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը . ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։

ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։

Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ։

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ հնչեցված ատելության խոսքն ակնհայտորեն միտված է խորացնել ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը և ատելությունը, ինչի հետևանք են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, դրանք իրականացնող անձանց իսկ կողմից դրանց տեսանկարահանումը և տարածումը՝ իբրև հպարտության առարկա։