Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերանշանակման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համայնքի 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքից հետո:
«Այսօր համաձայնություն չկա», - ասել է նա՝ նշելով, որ ղեկավարները լսել են ֆոն դեր Լայենին, որը «հայտնել է իր մտքերը ԵՄ ապագայի վերաբերյալ»։
Միշելի խոսքով՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարների նշանակման հարցը կլուծվի մինչև հունիսի վերջը։
«Այսօր որոշումներ կայացնելու նպատակ չի եղել», - հավելել է նա։
Ակնկալվում է, եվրոպական կառույցների ղեկավար պաշտոնների նշանակման հարցը կլինի հունիսի 27-28-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում։
Մարտի 7-ին ֆոն դեր Լայենը որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։ ԵՀ ղեկավարը նշանակվում է Եվրամիության ղեկավարների որոշմամբ՝ ԵՄ գագաթնաժողովում և հաստատվում Եվրախորհրդարանում գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքներով թեկնածուն պետք է ստանա ձայների մեծամասնությունը:
Ըստ ավելի վաղ արված տարբեր հրապարակումների՝ ԵՄ երկրները նախնական համաձայնություն ունեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերանշանակման շուրջ։ Որպես Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնի թեկնածու նշվում է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան, որը կփոխարինի Շառլ Միշելին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար` Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, որը կփոխարինի Ժոզեպ Բորելին։