ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հաղորդում են ԱԺ-ից։
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:
«Շնորհակալ ենք հայ-էստոնական հարաբերությունների զարգացման գործում Ձեր անգնահատելի ներդրման, ջանքերի եւ նվիրվածության համար: Դուք մշտապես կարող եք հույս դնել Հայաստանի վրա` որպես երկիր, որը կիսում է Էստոնիայի եւ ԵՄ-ի հետ նույն արժեհամակարգը»,- ասել է ԱԺ նախագահը:
Ռինա Կալյուրանդը նշել է, որ ՀՀ-ում առաքելության 4 տարիների ընթացքում համագործակցությունը գործընկերների հետ եղել է բարձր մակարդակի վրա եւ վերահաստատել Էստոնիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին ընթացող բարեփոխումների եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում: