Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով գնել Հնդկաստանից ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ առաջադեմ զենիթահրթիռներ և միջին հեռահարության հրթիռներ։
Այս մասին տեղեկություն է հրապարակել «Indian Defense Research Wing» պորտալը։
Նշվել է, որ Հայաստանն արդեն գնել է «Akash 1S» հակաօդային պաշտպանության համակարգը և քննարկվում է Հնդկաստանի և Իսրայելի համագործակցության արդյունքում մշակված MR-SAM միջին հեռահարության հրթիռների և «Akash-NG» միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հնարավորությունը:
«Հնդկաստանը դեռ չի սկսել մատակարարել «Akash 1S» համակարգը, որը նախատեսվում է գործարկել հաջորդ տարի։ «Akash 1S»-ը հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ է, որն ընդունակ է խոցել ինքնաթիռները մինչև 30 կմ հեռավորության վրա՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդից եկող սպառնալիքներից։ Բացի «Akash 1S»-ից, Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հակահրթիռային պաշտպանության եւս երկու համակարգերի նկատմամբ»,-նշել է աղբյուրը։
Ըստ IDRW-ի աղբյուրների՝ «Akash 1S» համակարգի մատակարարումից հետո Հայաստանը նախատեսում է իրականացնել «MR-SAM» և «Akash-NG» համակարգերի համապարփակ տեխնիկական գնահատում՝ պաշտպանական պահանջները բավարարելու համար:
«Այդ գնահատականների հիման վրա որոշում կկայացվի «MR-SAM»-ի և «Akash-NG»-ի վերաբերյալ»,- նշել է IDRW պորտալը։