Հետևեք մեզ։

Այդ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց կորցրել է, անլուրջ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱԿ-ի մասին

16:13, 19 ապրիլ 2023
Այդ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց կորցրել է, անլուրջ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱԿ-ի մասին

 

Համարում եմ, որ լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, պիտի ուրիշ բան փորձեն, կրկին փորձեն։ Մնացած մեկնաբանությունները ավելորդ են, որովհետև անլուրջ եմ վերաբերվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի՝ իր հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին:

 

«Այդ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց կորցրել է։ Յուրաքանչյուր նախաձեռնություն առիթ կարող է ստեղծել, որ ակտիվանան։ Ուրախ եմ, որ իրենց էլ եմ առիթ տվել, որ իրենց համար ինչ-որ ակտիվության թեմա գտնեն: Թեպետ կարելի էր, օրինակ, Լաչինի միջանցքի հետ կապված ինչ-որ հարթակ ստեղծել, միջազգային իրենց նախկին փորձն օգտագործել, բայց իրենք թերևս վերջին ժամանակահատվածի ամենալուրջ ու կարևոր թեման ընտրեցին»,- ասաց Սիմոնյանը:

 

Հարցին՝ թիմի ներսում նման թեմա չի՞ գեներացվում, Ալեն Սիմոնյանն ասաց՝ ոչ:

 

Հարցին՝ ո՞ւմ է անհրաժեշտ պաշտոնանկությունների վերաբերյալ լուրեր տարածելը, Սիմոնյանը պատասխանեց. «Այն մարդկանց, ովքեր ուզում են մեր իշխանությունը թուլացնել: Անընդհատ խոշորացույցի տակ գտնվելը իմ համար նոր բան չէ, դժվար է, բայց արդեն սովորել եմ, բայց հաճախ հոգնում եմ իմ անուն-ազգանունը կարդալուց»: 

 

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ դիմելով ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։