Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը Փհենյանում ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, հայտնում է «Ռիա Նովոստո»-ի թղթակիցը։
ՌԴ նախագահը պատրաստված փաստաթուղթն անվանել է հիմնարար և նշել, որ այն դեռ երկար տարիներ կլինի երկու երկրների հարաբերությունների հիմքը։
Նոր պայմանագիրը փոխարինում է հիմնարար փաստաթղթերին՝ 1961 թվականի Բարեկամության և փոխօգնության պայմանագրին, 2000 թվականի Բարեկամության, բարիդրացիության և համագործակցության պայմանագրին, ինչպես նաև 2000 և 2001 թվականների Մոսկվայի և Փհենյանի հռչակագրերին:
Ինչպես հաղորդել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, նոր փաստաթղթի ի հայտ գալը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություններով և երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում տեղի ունեցած որակական փոփոխություններով։ Պայմանագիրը նպատակ ունի ավելի մեծ կայունություն բերել Հյուսիսարևելյան Ասիայում:
Սպասվում է, որ ստորագրման արարողությունից հետո պետությունների ղեկավարները հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով, ապա կշարունակեն շփվել միմյանց հետ։