Հետևեք մեզ։

Պետության գործառույթն ենք ստանձնել, իրենք ոչ մի բանի չեն մասնակցել, լավ կլինի՝ ուսումնասիրեն ու ամաչեն․ Սրբազանը՝ ֆինանսական չարաշահումների վերաբերյալ մեղադրանքների մասին

13:49, 19 հունիս 2024
Պետության գործառույթն ենք ստանձնել, իրենք ոչ մի բանի չեն մասնակցել, լավ կլինի՝ ուսումնասիրեն ու ամաչեն․ Սրբազանը՝ ֆինանսական չարաշահումների վերաբերյալ մեղադրանքների մասին

Հստակ ասում եմ՝ ես ոչ կտտանքներից եմ վախենում, ոչ  կալանքից, ոչ էլ նույնիսկ մահվանից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով այն հարցին, որ իշխանությունները քչփորում են վաղեմության փաստաթղթեր և մեղադրում են Սրբազանին բարեգործության անվան տակ ֆինանսական չարաշահումներ կատարելու մեջ։  

 

«Այո ինձ տեղեկությունները հասել են, որ տարբեր ուսումնասիրություններ են անում, նույնիսկ 15 տարվա հաշիվների, երևի զարմացել են։ Ուրեմն Գետահովիտում մենք մեծ ավերված տարածք ունենք և նախաձեռնել էինք 2020-ին քաղցկեղով հիվանդ երեխաների հոգևոր վերականգնման կենտրոն կառուցել։ Գումարները տրվել են, կենտրոնը կառուցված է»,-ասաց նա։

 

Գումարների վերաբերյալ՝ Սրբազանն ասաց․ «660 000 եվրո է փոխանցվել տարբեր փուլերով, մանրամասնություններ չեմ ուզում խոսել, թող շինարարները հաշվեն և տեսնեն՝ որքան կարժենար դա։ Ոչ միայն չենք մսխել, այլև ստիպված ենք եղել մի քանի 100 000 ավելացնել այդ գումարի վրա, որ կարողանանք այդ ողջ շինարարությունն ավարտել, սարսափելի վնասներ ենք կրել, որովհետև այդ ժամանակ տարադրամի փոփոխություն է տեղի ունեցել, 20 տոկոս վնաս ենք կրել»,-ասաց նա և հավելեց․ «Իրենք ոչ թե պետք է ուսումնասիրեն՝ մսխելու հիմք ստեղծելու համար, այլ շնորհակալագիր պատրաստեն, որ իրենք ոչ մի բանի չեն մասնակցել, պետության գործառույթն ենք մենք ստանձնել, այդ երեխաներին տեղափոխելու նաև հոգևոր-վերականգնողական կենտրոնում վերականգնելու համար։ Ես անձնապես չեմ ստանում այդ գումարները, դրան օրինական փոխանցվում են, մտնում են հաշվապահություն և այնտեղից փոխանցվում են։ Լավ կլինի՝ ուսումնասիրեն ու ամաչեն, եթե շնորհակալության թուղթ էլ պատրաստեն, դա ձեզ ցույց կտամ։ Այդ տարածքում նախատեսել էինք նաև շատ մեծ ճամբար, բայց այս ամենի համար հետաձգվեց»,-ասաց նա։