Մենք սիրում ենք ամեն ինչ կոթողացնել, ունենք բնավորություն ամեն ինչ սրբացնել, պետությունն էլ ենք կոթողացնում ու սրբացնում, թվում է, թե ի՞նչ վատ բան կա, ինչի՞ն եք դեմ, պրոբլեմն այն է, որ, երբ կոթողացնում ու սրբացնում ենք, մենք մեզ զրկում ենք այն ավելի լավը դարձնելու հնարավորությունից։ Այս մասին «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Կոթողացման ու սրբացման տրամաբանության մեջ պետությունը գործիք է, որը պետք է երկրպագել»,-ասել է Փաշինյանը։
Նա խոսել է նաև բանակի սրբացումից։
«Տեսեք՝ մենք սրբացրինք բանակը և ինչի հասանք։ Այսքան խոսում ենք՝ պարտություն, պատերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Հանկարծ վատ բան չասեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Բայց բոլորս ենք իմացել, որ այդ կոթողի պատերի մեջ ինչ է տեղի ունենում։ Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ»,- ասել է Փաշինյանը։