«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում մի քանի անգամ անհետացած և բավականին բարձր տրամադրությամբ վերադարձած Սուրեն Պետրոսյանին, պարզվում է՝ հարցեր ունի նաև նույն պայքարի առաջնորդը։
Բագրատ սրբազանը, պարզվեց, ևս տեղյակ չէ, թե ինչ է անում, ուր է գնում իր թիմակից Սուրեն Պետրոսյանը, ում հետ, ըստ իրենց հայտարարությունների, պատրաստվում են փոխել պետության ճակատագիրը։
Hayastan.news-ին որոշակի տեղեկություններ են հայտնի դարձել Սուրեն Պետրոսյանի մասին։
Նախ, պարզվում է, որ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի դասախոս Սուրեն Պետրոսյանը մեծահարուստ է։ Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ նա հսկայական չափի եկամուտ՝ «շատ փող է» ստացել և ստանում Ռուսաստանում հիմնադրված, տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում գործունեություն ծավալող «Մարտին Սթար» ՍՊԸ-ից ( “От Мартина”)։
Ըստ աղբյուրի՝ Պետրոսյանն այդ ընկերության ոչ հայտնի դեմքերից է, դա պայմանավորված է այն հանգամանով, որ ընկերությունը չի ցանկանում ասոցացվել քաղաքական գործընթացների հետ։
Ֆինանսական կապի և այլ տեղեկությունների վերաբերյալ Hayastan.news-ը փորձեց պարզաբանում ստանալ «Մարտին Սթար» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Աշոտ Բաբոյանից․ Բաբոյանը նախ լսեց, որ իրեն լրագրող է զանգահարել, ապա ասաց, որ «Աշոտը չէ» և հետաքրքրվեց, թե ի՞նչ հարց ունեն Աշոտին։
Հաջորդ օրը զանգին, երբ լրագրողը վստահություն է հայտնել, որ հենց Աշոտ Բաբոյանի հետ է խոսում, նա կիսատ է թողել հարցը և անջատել է հեռախոսազանգը։
Hayastan.news-ը պարզաբանում փորձեց ստանալ “От Мартина”-ի երևանյան մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Բաբոյանից։ Վերջինս չպատասխանեց հեռախոսազանգին։ SMS հաղորդագրությունը, թե իրենց ընկերության և Սրբազան պայքարի կապի վերաբերյալ հարցերի շուրջ մեկնաբանություն ենք խնդրում և հրապարակման մեջ ցանկանում ենք, որ լինի իրենց մեկնաբանությունը, մնաց անպատասխան, դրանից հետո Անդրանիկ Բաբոյանն որոշեց անջատել հեռախոսազանգերը։ Այսպիսով, ընկերության ղեկավար կազմը տեղեկանալով, որ հարցն առնչվում է Հայաստանում ծավալվող պայքարին և իրենց, հրաժարվեց մեկնաբանություն տալ։