Հետևեք մեզ։

Ադրբեջանը փորձում է իր նավթադոլարային ազդեցությունն օգտագործել` խոչընդոտներ ստեղծելու հայաստանյան մատակարարումների համար. Տիգրան Աբրահամյան

11:09, 21 հունիս 2024
Ադրբեջանը փորձում է իր նավթադոլարային ազդեցությունն օգտագործել` խոչընդոտներ ստեղծելու հայաստանյան մատակարարումների համար. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետ չի կանգնել իր հրահրած սպառազինությունների մրցավազքից և զինված ուժերի արմատական ռեֆորմներին զուգահեռ հսկայական գնումներ է անում:
 
Ռազմական գնումների հիմնական աշխարհագրությունը մեծ փոփոխություններ չի կրել, այստեղ առաջատարները Իսրայելն ու Թուրքիան են, սակայն ռազմական ոլորտում ադրբեջանական ձեռքբերումները միայն այդ երկրներով չեն սահմանափակվում:
Սրան զուգահեռ, Ադրբեջանը փորձում է իր նավթադոլարային ազդեցությունն օգտագործել` խոչընդոտներ ստեղծելու հայաստանյան մատակարարումների համար:
 
Մեծ ծավալներով սպառազինվելով Ադրբեջանը 2 հիմնական խնդիր է փորձում լուծել:
 
Առաջին, ուժերի հավասարակշռվածության խախտում` ի օգուտ Ադրբեջանի, ինչը նրան մեծ հնարավորություններ է տալիս, որպեսզի բանակցային գործընթացում հանդես գա թելադրողի դիրքերից:
 
Երկրորդ, Ադրբեջանն իր ռազմավարական նպատակները ձևակերպելիս, ուժի կիրառման հարցը մշտապես պահում է իր քաղաքական զինանոցում:
 
Այն հիմնական միջազգային դերակատարները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային երկարատև խաղաղության դիրքերից, պետք է այսպիսի փուլերում զսպեն ադրբեջանական ագրեսիվ մղումները, հակառակ դեպքում, դրանք մի շրջափուլում կմտնեն անկանխատեսելիության դաշտ, իսկ դրա հետևանքների դեմ պայքարն այլևս անիմաստ կլինի»: