Սուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ին: Նա մանրամասնորեն պատմել, թե ովքեր և ինչու են նրան հեռացրել Բաղրամյան պողոտայից, երբ պետք է սկսվեր հանրահավաքը, պատմել, թե որտեղ են եղել, ինչ ձայնագրություններ են նրան տվել լսելու։
«Անհայտ անձինք զանգեցին, ասացին` պետք է գաս Երևանում այս հասցեով, հակառակ դեպքում բերման կենթարկենք։ Մտածելով, որ ուժայիններից է զանգը, ասացի` դուք կարող եք գալ Բաղրամյան պողոտա, նստենք մեքենայի մեջ, խոսենք։ Նստեցի մեքենան, ասացին` քշում են ավելի հանգիստ տեղ։ Հայտնվեցինք Հրազդանի առանձնատներից մեկում։ Երբ հարցրի` որտեղից են, ասացին` էն վախենալու կառույցից (ենթադրաբար ԱԱԾ), բայց ոչ մի վկայական չներկայացրին։ Հետո միացան նաև 2 բարձրաստիճան սպաներ, որոնք քաղաքական զրույց սկսեցին մինչև ուշ երեկո», -պատմել է նա:
Նրա խոսքով` իրեն ասել են` շարժումը սխալ ճանապարհով է գնում, կարող են մարդկային զոհեր լինել, առաջարկել են 180 աստիճանով փոխել շարժման բովանդակությունը` աղետալի հետևանքներից խուսափելու համար։
«Իմ պատասխանը եղել է այն, որ ոչ թե ես չեմ համագործակցում (կարող է` մի օր էդ ձայնագրությունը դուրս գա), ես ասել եմ` կողմ եմ պետությանը, բայց ոչ իշխանությանը, և այն, ինչ դուք ասում եք, ես ֆիզիկապես չեմ կարող անել, ես հնարավորություն չունեմ շարժումը աջ կամ ձախ թեքելու»: