Հետևեք մեզ։

Մեր մարզիկներին մաղթում եմ արդար մրցակցություն, վաստակած հաղթանակներ. Գագիկ Ծառուկյանի ուղերձը միջազգային օլիմպիական օրվա առթիվ

13:57, 23 հունիս 2024
Մեր մարզիկներին մաղթում եմ արդար մրցակցություն, վաստակած հաղթանակներ. Գագիկ Ծառուկյանի ուղերձը միջազգային օլիմպիական օրվա առթիվ

 

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միջազգային օլիմպիական օրվա կապալցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է

 

«Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ,

1948 թվականի, ՄՕԿ-ի որոշմամբ, հունիսի 23-ը նշվում է որպես միջազգային օլիմպիական օր։ 1894թ. հենց այդ օրն է ֆրանսիացի բարոն Պիեռ դը Կուբերտենը Փարիզում հրապարակել ՄՕԿ-ի հիմնադրման մասին իր պատմական զեկույցը։ Նրա երազանքն էր` սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել, համերաշխ աշխարհ կառուցել` սպորտը և օլիմպիզմն օգտագործելով որպես յուրատեսակ կամուրջ` խաղաղության խթանման, ժողովուրդների բարեկամության, ազգամիջյան հարաբերությունների կարգավորման համար:


Օլիմպիզմի գաղափարներն այսօր միավորում են ամենատարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց: Դրան հերթական անգամ ականատես կլինենք մեկ ամիս հետո` Փարիզում մեկնարկելիք ամառային 33–րդ օլիմպիական խաղերի օրերին: Մեդալների համար պայքարին իրենց արժանապատիվ և պատրաստված մասնակցությունը կբերեն նաև մեր երկրի ներկայացուցիչները:


Հայաստանի ազգային օլիմպիական ընտանիքի անունից բոլոր մասնակիցներին, և առաջին հերթին, իհարկե, մեր երկրի մարզիկներին մաղթում եմ արդար մրցակցություն, արժանապատիվ պայքար և վաստակած ու պատվաբեր հաղթանակներ:
Աստված մեզ օգնական»: