Քրիստոնեական մեծ եկեղեցիների առաջնորդները իսրայելական իշխանություններին մեղադրել են երկրում քրիստոնյաների ներկայության վրա «համակարգված գրոհի» ու նրանց դեմ հարկային վարույթ հարուցելու մեջ։ Այս մասին հայտարարությամբ հանդես են եկել Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և հունական ուղղափառ եկեղեցին։
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլը խաթարում է դարավոր ստատուս քվոն և արտացոլում աճող անհանդուրժողականությունը երկրում քրիստոնյաների ներկայության նկատմամբ։ Իսրայելցի պաշտոնյաները անհամաձայնությունը համարում են սովորական ֆինանսական խնդիր:
Քրիստոնյա եկեղեցիները խոշոր հողատերեր են և նշում են, որ երկարամյա ավանդույթի համաձայն՝ գույքահարկ չեն վճարում․ իրենց միջոցները ուղղվում են այնպիսի ծառայությունների, որոնք օգուտ են բերում պետությանը՝ դպրոցներին, հիվանդանոցներին և ծերանոցներին:
Թել Ավիվի, Ռամլայի, Նազարեթի և Երուսաղեմի քաղաքապետարանները վերջին ամիսներին սկսել են դատական գործողություններ հարկային պարտավորությունների համար: