Հետևեք մեզ։

Խաղաղությունը կստեղծի միջավայր, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կարող են օգուտ քաղել փոխգործակցությունից և նորից ճանաչել միմյանց․ Տոյվո Կլաար

16:46, 24 հունիս 2024
Խաղաղությունը կստեղծի միջավայր, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կարող են օգուտ քաղել փոխգործակցությունից և նորից ճանաչել միմյանց․ Տոյվո Կլաար

Խաղաղությունը Հայաստանին և Ադրբեջանին գրավիչ կդարձնի օտարերկրյա ներդրումների համար։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։


«Ընդհանուր առմամբ, խաղաղությունը կստեղծի նոր միջավայր, որտեղ և՛ պետությունները, և՛ հայերն ու ադրբեջանցիները կարող են օգուտ քաղել փոխգործակցությունից և համագործակցությունից, ինչը նրանց թույլ կտա նորից ճանաչել միմյանց: 


Սա կօգնի մեկընդմիշտ շրջել թշնամության էջը՝ ի շահ ապագա սերունդների»,- ասել է նա։

Կլաարը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում, որտեղ ավտոմատ կերպով կմեծանան առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։ 


«Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներն առաջին անգամ հնարավորություն կունենան այլ կերպ նայել իրենց ապագային։ Խաղաղությունը կազդի նաև այն բանի վրա, թե ինչպես ԵՄ-ն կարող է գործել տարածաշրջանում, քանի որ դա մեզ թույլ կտա ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության մեջ մտնել։ Ինչպես նախկինում ասել ենք, ԵՄ-ն պատրաստ է տարբեր գործիքների միջոցով աջակցել բոլոր ոլորտներում խաղաղության ստեղծած հնարավորություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կապի և տրանսպորտի վրա՝ կախված կողմերի միջև պայմանավորվածություններից»: