Հետևեք մեզ։

Պահ է գալիս ինձ անզոր եմ զգում, բայց երբ նայում եմ երեխաներիս աչքերին, հուզմունքս խեղդում եմ. ասում են` հայրիկն այնտեղ է՝ տանը, իրենց է սպասում. Մարտունու քաղաքապետի այրի

22:47, 24 հունիս 2024
Պահ է գալիս ինձ անզոր եմ զգում, բայց երբ նայում եմ երեխաներիս աչքերին, հուզմունքս խեղդում եմ. ասում են` հայրիկն այնտեղ է՝ տանը, իրենց է սպասում. Մարտունու քաղաքապետի այրի

«Կռիվա, ժամանակ չկա խոսելու, լավ մնացեք»․․․ Սրանք Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Ազնավուր Սաղյանի վերջին խոսքերն էին՝ ուղղված կնոջը․․․

A1plus-ը գրում է.«Մարիամ Ավանեսյանն այսօր 3 մանկահասակ երեխաների ու ամուսնու մայրիկի հետ ապրում է Երեւանում։ Նոր կյանքին, նոր միջավայրին դեռ չի կարողանում ինտեգրվել։ Աշխատելու ուղղությամբ առայժմ չի մտածել, սակայն հասկանում է՝ առանց դրա հնարավոր չէ՝ երեխաներին ապահովել է պետք։ 

Մասնագիտությամբ մեթոդիստ է Մարիամ Ավանեսյանը, սակայն չի աշխատել․ «Ազնավուրը սիրում էր, երբ ես միշտ տանն էի լինում»,- ասում է նա։

Նպատակ ունի այնպիսի արհեստ յուրացնել, որը և՛ պահանջված կլինի, և՛ եկամտաբեր։ 

«Երեխաներս դեռ չեն ադապտացվել նոր միջավայրին, նոր իրողություններին։ Ապրելու համար, այո՛, միջոցներ են պետք, բայց առայժմ դժվարանում եմ ինչ-որ բան ձեռնարկել։ Ամեն ինչ այնքան անսպասելի տեղի ունեցավ, որ ուշքի գալու համար դեռևս ժամանակ է հարկավոր»,- ասել է քաղաքապետի այրին։

 

Մարիամ Ավանեսյանի համար կյանքը կանգ է առել 2023-ի սեպտեմբերի 19-ին:

 

«Չէի մտածում, որ այդ հեռախոսազրույցը վերջինը կլինի։ Վերջինը… Դաժան է հնչում։ 44-օրյա պատերազմի օրերին ամեն պահի վատ լուրի էի սպասում։ Պատերազմից հետո թվում էր՝ ամեն վատն արդեն անցյալում է։  Մարտունուց դուրս մեզ երբեք, ոչ մի պարագայում չէինք պատկերացնում»,- ասել է քաղաքապետի այրին։

 

44-օրյա պատերազմից հետո Ազնավուր Սաղյանն ընտրվեց Մարտունու քաղաքապետ և կնոջ խոսքով՝ իրեն ամբողջությամբ նվիրեց պատերազմական գործողությունների հետևանքով ծանր վնասներ կրած ծննդավայրի վերականգնմանը։

«Բոլորիս նպատակն էր ապրեցնել ու ծաղկեցնել Արցախը։ Արցախցին իրեն հատուկ համառությամբ նորից սկսեց արարել` անտեսելով թշնամու բոլոր սպառնալիքները։ Մենք երազում էինք խաղաղության մասին, բայց խաղաղություն այդպես էլ չեղավ։ Փոխարենը եղավ բլոկադա։ Նոր դժվարություններ, նոր զրկանքներ, սով...»,- ասում է զրուցակիցս։

«Ազնավուրն ու նրա նման հայրենասեր տղաներն իրենց կյանքով մեզ կյանք պարգևեցին։ Գոնե այդքան զոհողություններից հետո հնարավոր լիներ ապրել մեր պապենական հողում, որպեսզի մեր զավակները կարողանային քայլել այն արահետներով, որոնցով իրենց հայրիկն էր քայլել»,- ասում է Մարիամը։


Փոքրիկները հայրիկի մասին հաճախ են խոսում։


«Անհամբեր սպասում են, որ մի օր կբռնենք հետդարձի ճանապարհը՝ Մարտունի։ Ասում են հայրիկն այնտեղ է՝ տանը, իրենց է սպասում։ Շատ հաճախ են հիշում իրենց միասին խաղերը, հայրիկի պատմած հեքիաթները։ Հարցնում են` ինչ ճաշեր էր ավելի շատ սիրում, ինչ գույներ, ինչով էր սիրում զբաղվել, երբ փոքր էր»,- ասում է տիկին Ավանեսյանը։

Մարիամն ասում է, որ անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի երեխաներն իրենց կողքին ոչ թե հուսահատ մայրիկի, այլև իրենց հենասյուն ու հուսալի մարդու տեսնեն։

«Կանեմ ամեն բան, որպեսզի մեր երեխաները մեծանան իրենց հայրիկին արժանի զավակներ։ Իրավունք չունեմ հանձնվելու։ Պահ է գալիս, որ ինձ անզոր եմ զգում, բայց երբ նայում եմ փոքրիկներիս աչքերին, հուզմունքս խեղդում եմ մեջս ու փորձում ժպտալ՝ հանուն նրանց։ Ազնավուրի բացակայությունն ամենուր է, դատարկություն է համատարած, սակայն համոզված եմ, որ Ազնավուրն ինձ ուժ ու զորություն է տալու, ու ես կարողանալու եմ մեր երեխաների համար լինել և՛ մայր, և՛ հայր»։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: