«Հետքը» գրում է. «Ի հեճուկս իրավապահների՝ Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառապատ մի քանի տարածք վաճառքի են հանվել։ «Հետք»-ը պարզել է, որ վաճառվում են Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աղաջանյանի, Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի և «Արայ» ընկերության նախկին սեփականատեր Արմեն Պետրոսյանի ընտանիքի անդամների անունով սեփականաշնորհված անտառապատ տարածքները։ 17 տարի առաջ ապօրինի սեփականաշնորհված այդ և այլ անտառապատ հողատարածքներ պետությանը վերադարձնելու համար վերջին տարիներին Դատախազությունը բազմաթիվ հայցեր է ներկայացրել դատարան։ Նման հայցեր ներկայացրել է նաև Հրազդան համայնքը, սակայն դատական գործընթացը համայնքը տապալել է։ Այս ամենին զուգահեռ անտառապատ երեք հողամասի սեփականատերեր այսօր փորձում են վաճառել հողերը։
«Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց 56»
Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցի սկզբնամասում հայտնված ցուցանակն ազդարարում է 4.5 հեկտար մակերեսով անտառապատ հողամասի վաճառքի մասին։ Վաճառքի հայտարարությունների «list.am» կայքում նույն գույքին առնչվող հայտարարության նկարագրության բաժնում նշված է․ «Հողամասը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում, հարմար է հյուրանոցային համալիր կամ բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցելու համար, ճակատային հատվածը մոտ 200 մետր է (իրականում 135 մետր, խմբ․ հեղ․)»։ Գույքը վաճառվում է 4 միլիոն ԱՄՆ դոլարով։
«Հետք»-ը 2018 թ․-ին հրապարակել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 50 հեկտար անտառ են սեփականաշնորհել» վերնագրով հետաքննություն, որում թվարկված հողատարածքներից մեկը վերը նշված 4.5 հա անտառապատ տարածքն է։ 2006 թ.-ին Հրազդան համայնքից 27․9 միլիոն դրամով այն ձեռք է բերել ոմն Գևորգ Քիշոյանը։
Մեկ տարի անց՝ 2007 թվականին, Գևորգ Քիշոյանը հողամասը վաճառել է Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աղաջանյանի մորը՝ Սվետլանա Հակոբյանին։ 2011 թ․-ին հողամասը գրավադրվել է բանկում․ այդ ժամանակ այն գնահատվել է 686 միլիոն դրամ։ Հողամասը մինչ օրս սեփականության իրավունքով պատկանում է Սվետլանա Հակոբյանին։ Հրաչյա Աղաջանյանը որպես դեսպան պաշտոնավարել է 2011 թ.-ից 2017 թ.-ը։ Նա այժմ մի քանի ընկերությունում բաժնետեր է։ Նրան պատկանող «Նոհա լաբ» ՍՊԸ-ից Գլխավոր դատախազությունը մի քանի անգամ գնում է կատարել (հանրային սննդի սպասարկում)։ Այդ ընկերությունը երկու բաժնետեր ունի, մեկը՝ Հրաչա Աղաջանյանն է (75%), մյուսը՝ «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամն է (25%), որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Աղաջանյանի մայրն է՝ Սվետլանա Հակոբյանը, որի անունով էլ գրանցված է անտառային տարածքը։
- Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառների մասին մեր 2018 թ․-ի հրապարակումն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազությունում, ապա քրեական գործ էր հարուցվել և կարճվել վաղեմության հիմքով։ Քրեական գործի նախաքննության ժամանակ հաստատվել էր, որ կեղծ աճուրդներով են հողերն օտարվել։ Դրանից հետո Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցերով դատարանում վիճարկում է սեփականաշնորհումները։ Մի քանի հողատարածք արդեն իսկ վերադարձվել է պետությանը, բայց տարօրինակ է, որ նախկին դեսպանի կողմից սեփականաշնորհված անտառի գործը դատարանում չէ։
«Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց 30»
Անատառապատ մյուս տարածքը, որը վաճառվում է, նույնպես Մհեր Մկրտչյան փողոցում է։ Այն պատկանում է «Արայ» ընկերության նախկին սեփականատեր, կասկածելի հանգամանքներում մահացած Արմեն Պետրոսյանի մորը՝ Կարինե Սուքիասյանին։ 1.25 հեկտար մակերեսով հողատարածքն ամբողջությամբ ծառապատ է։ Այս տարածքն առաջինը ձեռք բերած անձը տարիներ առաջ մեզ հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել անտառային հողի գնման մասին, պատմել է, որ գումարի դիմաց իր անձնագիրն է տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, որից հետո 300 դոլար են իրեն տվել մի քանի փաստաթղթում իր ստորագրությունը դնելու համար։ Այս հողատարածքը սեփականաշնորհվելուց հետո փոխանցվել է «Արայ» ընկերության նախկին սեփականատիրոջ մորը։ Կարինե Սուքիասյանը հողամասը գնել է 12 միլիոն դրամով։
«Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց 48»
Ծաղկաձորում վաճառվող երրորդ՝ 1.55 հեկտար հողատարածքի ներկայիս սեփականատերերը Նատալիա Մանգասարանն ու Աննա Մարտիրոսյանն են։ Նրանց պատկանող հողամասի վաճառքի հայտարարության մեջ նշված է․ «Ծաղկաձոր քաղաքում: Շատ շտապ: Շուկայական գնից ցածր՝ սեփականատիրոջ կողմից։ Արարատ ռեզորտ հյուրանոցի հարևանությամբ: 1-ին գիծ, սեփականություն է: Նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված, նպատակահարմար կլինի կառուցել հյուրանոցային քոթեջներ։ Վաճառվում է ամբողջական»։ Հողատարածքը վաճառվում է 466 հազար 500 դոլարով։
Անտառապատ հողամասը ներկայիս սեփականատերերը 2020 թ․-ին են գնել Հմայակ Պողոսյանից։
իսկ նրանից առաջ գույքը պատկանել է Ժորա Լևոնի Գևորգյանին։ Ժորա Գևորգյանը «Արմենիկում» ծրագրի տնօրեն Լևոն Գևորգյանի սնանկ ճանաչված որդին է։ Լևոն Գևորգյանն էլ իր հերթին հողամասը գնել է Զարիկ Գևորգյանից՝ Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի կնոջից։ Նախկին համայնքապետի կինն է հողամասի առաջին սեփականատերը, որը ձեռք է բերել Հրազդան համայնքի կազմակերպած ձևական աճուրդում։ Այս դեպքում ևս զարմանալի է, թե ինչպես է հնարավոր եղել՝ քրեական գործով անցած գույքը անխոչընդոտ վաճառվի, մի քանի սեփականատեր փոխի։ Այս հողամասի սեփականաշնորհման գործով ևս դատական տեղեկատվական համակարգում դատական հայցեր չկան։
Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանեցին, որ նշված հողամասերի վերաբերյալ հայցեր հարուցելու իրավասություն ունի ոչ թե Դատախազությունը, այլ Հրազդան համայնքը։ «Նկատի ունենալով, որ նշված հողամասերը օտարման պահին ընդգրկված են եղել Հրազդան քաղաքի վարչական սահմաններում և աճուրդային եղանակով օտարվել են Հրազդանի քաղաքապետի որոշմամբ, առուվաճառքի պայմանագրերը կնքվել են վերջինիս կողմից, ուստի այս հողամասերի վերաբերյալ հայցեր հարուցելու իրավասու մարմինը հանդիսանում է Հրազդան համայնքը»,- պատասխանել են Դատախազությունից։
Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը «Հետքին» հայտնեց, որ դատախազության ներկայացրած հայցերով, որոնք դատաքննության փուլում են, հայցի ապահովման միջոց է կիրառված։ Այդպիսով անհնար է պետական սեփականություն հանդիսացած անտառների հնարավոր վաճառքը։
Ամբողջացնելով Ծաղկաձորի անտառների շուրջ կատարված և կատարվող իրադարձությունները՝ պետք է փաստենք հետևյալը՝
- Ծաղկաձորում և Հրազդանում անտառները 2006-2007 թթ․ ապօրինի սեփականաշնորհվել են
- «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով
- Քրեական գործի կարճումից հետո Գլխավոր դատախազությունն ու Հրազդան համայնքը դիմել են դատարան անտառապատ հողերը պետությանը և համայնքին վերադարձնելու համար։ Դատախազությունը պետական սեփականություն համարված հողերի մասով, համայնքը՝ համայնքային սեփականություն համարված հողերի մասով։
- Հրազդան համայնքը տապալել է դատական գործընթացները, իսկ նշված հողամասերի մասով ընդհանրապես դատարան չի դիմել, հայց չի ներկայացրել։ Գլխավոր դատախազությունը որոշ հողեր վերադարձրել է պետությանը, բազմաթիվ հայցեր քննության փուլում են։
- Հրազդան համայնքի կեղծ աճուրդներով վաճառված տարածքներից երեքն այսօր սեփականատերերը փորձում են վաճառել»։