Հետևեք մեզ։

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

12:23, 25 հունիս 2024
Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում անդրադառնալով վերոնշյալ համակարգի ներդրման ժամկետի հետաձգման պատճառների վերաբերյալ հարցին՝ այդ մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է երևանցիներին տրված այն խոստմամբ, որ դա տեղի է ունենալու 171 նոր ավտոբուսների և տրոլեյբուսների գիծ մտնելուց հետո միայն: Վստահեցնում եմ՝ նոր համակարգն ուղղակիորեն կչեզոքացնի բոլոր հնարավոր խոռոչները, որոնք առկա էին այդ կառույցում՝ հաշվի առնելով, որ կանխիկ դրամի շրջանառություն այլևս չի ենթադրվում»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Ավելի վաղ քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ միասնական տոմսային համակարգը ներդրվելու է ոչ թե սեպտեմբերից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ 2025 թվականի հունվարից: Ըստ նրա, նմանապես   սեպտեմբերի 1-ից տեղի չի ունենա նաև հանրային տրանսպորտի գնի փոփոխություն: