Ավագանու նիստին վերջին հեղեղումներին անդրադարձավ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, նշելով, որ տեղումները նորմայից բարձր էին, անձրևընդունիչ համակարգը չէր կարող այդքան ծավալն ընդուներ:
«Մենք ունենք շատ փոքր ծավալի անջատ հեղեղատար համակարգ, մեր համակարգը կիսանջատ է, այսինքն՝ այն միացված է նաև կոյուղատար համակարգին, և մեծ ծավալի անձրևների դեպքում բերում է ծանրաբեռնվածության և կարող է հանգեցնել մակերևութային ջրերի ծավալի աճի փողոցներում: Այնպես որ, այս համակարգը լուրջ ներդրման և վերակառուցման կարիք ունի»,- ասաց Արեյանը:
Ավինյանն էլ բողոքեց, որ նախկինում այդ ուղղությամբ չեն աշխատել.
«Կառավարության գործընկերների հետ քննարկել ենք առհասարակ պայմանագրային պայմանների վերանայումը «Վեոլիա ջուր» ընկերության հետ, որը հնարավորություն կտա այդ ընկերությանը վարձավճարների փոխարեն, որը տալիս է Կառավարությունն ամբողջ ենթակառուցվածքների օգտագործման համար, այդ գումարներն ուղղել ներդրումներին, և սա էականորեն կմեղմի այն խնդիրները, որոնց մասին խոսում ենք, եթե, իհարկե, ֆորսմաժորի մասին չէ խոսքը, որովհետև այդ նույն ֆորսմաժորն ամենազարգացած ենթակառուցվածքով ԱՄԷ-ում էր տեղի ունեցել, և իրենք էլ դրա դեմ պայքարելու մեթոդ չունեն: Աշխարհում դեռևս նմանատիպ ոչ մի ֆորսմաժորի դեպքում պայքարի մեթոդը չի գտնվել»,- ասաց քաղաքապետը: