Հետևեք մեզ։

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

19:00, 25 հունիս 2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները:
 
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը և այդ համատեքստում  իրականացվող իրավական բարեփոխումներին: Մասնավորապես, դրանք վերաբերում են  ապրանքների և ծառայությունների բնութագրերին, այդ թվում՝ քանակի և որակի համապատասխանությանը, առցանց առևտրին, սննդի անվտանգությանը, վերահսկողության մեխանիզմներին և դրանց կատարելագործմանը և այլն: Ակնկալվում է, որ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն սպառողների իրավունքների հստակ, միասնական ամրագրմանը, քաղաքականության մշակմանը, վերահսկողական մեխանիզմների ներդրմանը, խմբային և անհատական շահերի պաշտպանությանը, սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
 
Նշվել է, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսվում է իրականացնել Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական քայլերի ու նախատեսվող օրենսդրական փոփոխությունների իրականացումը սահմանված ժամանակահատվածում: