Ես վերջին 3,5 տարին նվիրված եմ եղել իմ աշխատանքին և իմ ընտանիքը դրանից շատ է տուժել, հիմա ես պլանավորում եմ բալանսավորել իմ անձնական կյանքը, իմ ընտանիքի կյանքն ու իմ հանրային կյանքը։ Եվ, բնականաբար, մեծ ուշադրություն դարձնելու եմ բիզնես պրոյեկտներին, որպեսզի վերականգնեմ այն վնասը, որն իմ ընտանիքը կրել է։
Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Factor.TV-ին տված հարցազրույցում։
Հարցին, թե հնարավոր է, որ ինչ-որ շարժման միանա, կամ ինչ-որ գործընթաց սկսի, Վահան Քերոբյանն ասաց՝ ոչ․ «Ես ասացի, որ իմ աշխատանքը լինելու է իմ սեփական նախաձեռնությունները»։
Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Վահան Քերոբյանն ասաց․«Ես կարծում եմ, որ այդ ամենը պետք է լուծվի ժողովրդի կամքով։ Եթե որևէ մեկը ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել, ապա ինքը պետք է պատշաճ պատրաստվի և ստանա ժողովրդի քվեն, որևէ այլ տարբերակը կնշանակի, որ մենք խիստ հետընթաց ենք ապրում ժողովրդավարության այն մակարդակից, որն այսօր կա»։
Դիտարկմանը, թե 2018 թիվը մոռացե՞լ է, նա ասաց, որ 2018-ին, իր կածիքով, իշխանության էր այն մարդը, որը չէր ստացել ժողովրդի քվեն։