«Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը չի մասնակցի հուլիսի 8-18-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին: Այս մասին հայտնում է «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:
«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները: Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,- նշել է Վրեժ Կիրակոսյանը:
«Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը: