Հետևեք մեզ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի․ Civilnet.am

15:19, 26 հունիս 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի․ Civilnet.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետեր Walnort Finance Limited-ը դիմել է արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պնդելով, որ ՀՀ-ում ընկերության կատարած ներդրումները չեն պաշտպանվել։ Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ-ում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։ Civilnet.am-ը գրում է, որ ընկերությունը մինչ արբիտրաժային գործընթացը ՀՀ-ում իրեն պատկանող այլ ընկերությունների միջոցով դատական տասնյակ գործընթացներ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի, դրա մյուս բաժնետերերի, նախկին բաժնետերերի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ։ Արբիտրաժում հաղթանակը կարող է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի կառավարության համար։ Ըստ Walnort Finance Limited-ի հաղորդագրության՝ ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է կառավարության կողմից «քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով», որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու: «Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Walnort Finance Limited-ին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։ Չնայած վեճի մասին ծանուցումից ի վեր Walnort-ի ցուցաբերած բարեխիղճ ջանքերին՝ բանակցություններ վարելու այս հարցերի լուծման համար, Հայաստանի կառավարությունը նախընտրեց ընդհանրապես չհամագործակցել ընկերության հետ: Ընդհակառակը, կառավարությունը սրեց վեճը՝ աջակցելով Walnort-իհայաստանյան դուստր ընկերությունների վրա հարձակումները («Մուն Մեթալս» ՓԲԸ և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ)»,-նշված է Walnort Finance Limited-ի հաղորդագրությունում։



«Զանգեզուր մայնինգ». ընկերություն՝ ամեն իշխանության հետ փոխվող սեփականատերերով


Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ բաժնետերերի շղթայում հայտնվեց 2018-ի հուլիսից, երբ դարձավ «Մուն մեթալս» ընկերության բաժնետեր, որն իր հերթին «Զանգեզուր մայնինգ» ընկերության բաժնետերն էր։ Ըստ էության՝ Walnort Finance Limited-ը, «Մուն մեթալսն» ու «Զանգեզուր մայնինգը» նույն սեփականատերերով ընկերությունների խումբ են, որ տնօրինում են ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի 12,5 տոկոսը։

2018-ի հուլիսին՝ հեղափոխությունից հետո, Walnort Finance Limited-ը ձեռք բերեց «Մուն մեթալսի» բաժնեմասը։ «Մուն մեթալսի» բաժնետերերն էին Արմեն Անտիկյանն ու Սուրեն Ածիկյանը։ ՍիվիլՆեթը գրել էր, որ Անտիկյանը որոշ կապեր ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանի շրջապատի հետ, ազգակցական կապի մեջ էր նաև Մինասյանի բիզնեսների կառավարիչներից Լեոնիդ Արևշատյանի հետ։ 2018-ի հուլիսին Անտիկյանին ու Ածիկյանին փոխարինեց Walnort Finance Limited-ը։ Սա Կիպրոսում գրանցված էր նույն հասցեով, ուներ նույն տնօրենները, ինչ Triendotto Investments Limited-ը։ Վերջինը պատկանում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներին՝ Կարեն և Արմեն Վանեցյաններին։

Հայաստանի իրավապահները ՍիվիլՆեթի հրապարակումից մոտ չորս տարի անց հայտարարեցին, որ Վանեցյանները կապ ունեն ԶՊՄԿ-ի այս 12,5 տոկոսի հետ։ Ստացվում էր, որ Մինասյանի հետ կապված մարդկանցից ԶՊՄԿ բաժնեմասն անցնում էր ԱԱԾ նախկին տնօրենի ընտանիքի հետ կապվող անձանց և ընկերություններին։ Այս տարվա մայիսի 7-ին արդեն բացեիբաց այս գործարքի մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսման պատմությունը՝ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ, գուցե պարզվի, որ այնտեղ կարող էր խոսք լինել այն մասին, թե լինելով ԱԱԾ տնօրեն ու չունենալով որևէ թույլտվություն` նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ` ԶՊՄԿ–ի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ»։ Նույն ասուլիսում վարչապետը հայտարարեց՝ այդ մասնաբաժինը պետք է վերադարձվի պետությանը։ Դեռ 2020-ին Վանեցյանը, անդրադառնալով ԶՊՄԿ-ում բաժնեմասերի փոխանցումներին, ասել էր, որ «ԶՊՄԿ-ում փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է վարչապետի անմիջական գիտությամբ»։

2020-ի ձմռանը Walnort Finance Limited-ի բաժնետեր դարձավ Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկիյն դեսպան Միխայիլ Զուրաբովը։ Սա հատկանշական էր նրանով, որ Զուրաբովը Կարեն և Արմեն Վանեցյանների բիզնես գործընկերն է, նրանց հետ որպես համասեփականատեր ներգրաված էր մի քանի ընկերություններում, ներառյալ Exoil Group-ում, որը զբաղվում էր արևածաղկի ձեթերի արտադրությամբ։

 
Զուրաբովը ընկերության բաժնետեր մնաց մինչ 2023-ի նոյեմբերը, երբ Walnort Finance Limited-ի բաժնեմասն անցավ շվեյցարական Bell Capital իրավաբանական ընկերությանը։ Այդ ժամանակ ՍիվիլՆեթը գրել էր, որ շվեյցարական իրավաբանական ընկերությունը մասնագիտացած է արբիտրաժային լուծումների ոլորտում, և դատելով նաև ներպետական դատական գործընթացների բնույթից՝ «Զանգեզուր մայնինգը» և/կամ նրա բաժնետիրական շղթայի ընկերությունները մտադիր են արբիտրաժային վարույթ սկսել ընդդեմ Հայաստանի, ինչն էլ տեղի ունեցավ։

Տասնյակի հասնող հայցեր ընդդեմ ԶՊՄԿ-ի, կառավարության


2020-ից սկսած, կոմբինատի 12,5 տոկոսի բաժնետեր Միխայիլ Զուրաբովը վիճարկում է կոմբինատի 75 տոկոսի պատկանելության հարցը։ Հարցը հատկապես սուր բնույթ ստացավ այն պահից, երբ գերմանական Cronimet-ը, որ անուղղակի տնօրինում էր կոմբինատի 75 տոկոսը, վաճառեց իր բաժնետոմսերը։

Cronimet-ը կոմբինատում բաժնետոմսերի 60 տոկոսին տիրապետում էր ուղիղ, ինչպես նաև բաժնետեր էր «Մաքուր երկաթի գործարան»-ում, որը ԶՊՄԿ-ում ուներ 15 տոկոս բաժնեմաս։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ 75 տոկոսը պատկանում էր գերմանական ընկերությանը։ 12,5-ական տոկոս ունեին Միխայիլ Զուրաբովն ու «ԱՄՓ հոլդինգը»։ «ԱՄՓ հոլդինգի» բաժնետերն իր հերթին «Սթար դասթ» ՓԲԸ-ն էր։ Դրա սեփականատերերն էին կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, նրա տեղակալ Նարեկ Ամբարյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը։


ԶՊՄԿ բաժնետերերի կառուցվածքը 2020-ի գարնան դրությամբ

2020-ին ԶՊՄԿ-ն Cronimet-ից հետ գնեց 75 տոկոսի իր բաժնետոմսերը։ Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը սակայն սահմանում է, որ դրանք պետք է մեկ տարվա ընթացքում օտարվեին։ Այդ ընթացքում Զուրաբովը «Զանգեզուր մայնինգի» միջոցով սկսել է դատական գործընթաց՝ պահանջելով Cronimet-ի բաժնետոմսերի հետ կապված գործարքներն անվավեր ճանաչել, քանի որ դրանք նախապատվության իրավունքով պետք է օտարվեին իրեն։ Դատարանի որոշմամբ ԶՊՄԿ 75 տոկոսի նկատմամբ կիրառվում է կալանք։

2021-ին կոմբինատում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններն ավելի են բարդացնում ու թեժացնում բաժնետերերի միջև վեճերը։ 2021-ի հունիսին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով սեփականատերերին, ասաց՝ «տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, էդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը», «հերիք է ինչքան ԶՊՄԿ բաժնետեր մնացին որոշ բաշիբոզուկներ»։ Որ ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի վերաբաժանումներին կառավարությունը առնվազն տեղյակ էր, եթե ոչ մասնակից, փաստում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որ արվեց նույն օրը. «Ես ուզում եմ գաղտնիք բացել՝ հիմա բանակցային գործընթաց է տեղի ունենում, հույս ունեմ բանակցային գործընթացում ոմանք կառուցողական դիրքորոշում կունենան, չունենան կառուցողական դիրքորոշում՝ ՀՀ ժողովուրդը այդ բաշիբոզուկներից իր բաժինը, թեկուզ ազգայնացման մասին օրենքով, ստանալու է»,- նշեց նա։

2021-ի սեպտեմբերի 30-ին կոմբինատին պատկանող 75 տոկոս բաժնետոմսերն օտարվում են ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ կապված «Արդյունաբերական ընկերություն» և «Ուրբանեվենտ պլյուս» ընկերություներին։ Դրանից հետո որոշվում է կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել կառավարության աշխատակազմին։ Սեպտեմբերի 29-30-ին՝ մեկ օրվա ընթացքում նախ դատարանի կողմից ԶՊՄԿ բաժնեմասի 75 տոկոսն ազատվում է կալանքից, ապա Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նույն օրը թույլ է տալիս «Արդյունաբերական ընկերությանը» գնել ԶՊՄԿ բաժնեմասը, որին արդեն հաջորդում է կառավարության որոշումը բաժնետոմսերը որպես նվեր ընդունելու մասին։

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսի ձեռքբերման գնի մասին տեղեկություններ չկան։ Այնուհանդերձ, ընկերության 2021-ի հաշվետվությունից պարզ է դառնում, որ Տրոցենկոյի ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի 15 տոկոսի արժեքը կազմել է առնվազն 29,4 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2021-ին ԶՊՄԿ-ն բյուջե էր վճարել 48,8 մլրդ դրամի հարկեր։ Սա նշանակում է, որ կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսի առքուվաճառքի գինը առնվազն եղել է միայն այդ տարվա վճարած հարկերի մոտ 60 տոկոսի չափով։

Ինչո՞ւ պետք է մասնավոր ընկերության հիմնական բաժնետերը ընկերություն ձեռք բերելուց հետո բաժնետոմսերի մի մասը նվիրեր կառավարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2022-ին բացատրելով Ռոման Տրոցենկոյի մոտիվացիան, ասել էր. «Այստեղ մեկ գործարք չէ, այստեղ մոտ 4 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր է, առանց պետության մասնակցության այդ ներդրումը չի կարող իրականություն դառնալ»։ Փաշինյանը նաև տարակուսանք էր հայտնել, որ տարբեր մարդիկ կառավարությանը բաժնետոմսերի նվիրատվությունը դիտարկում են որպես կոռուպցիոն ռիսկ. «Այն, որ պետությունը իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկված էր, դա փաստորեն կոռուպցիա չէր, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերում բաժնետոմսեր, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետք գտնել։ Կոռուպցիայի արդյունքում ոչ թե պետությունը ստանում է, այլ կորցնում»։


«Զանգեզուր մայնինգը» դատարանում պահանջում է անվավեր ճանաչել այս որոշումները, նախապատվության իրավունքով իրեն օտարել ԶՊՄԿ բաժնետոմսերը։ Զուգահեռաբար, ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել նվիրատվությունները կառավարությանը։

75 տոկոսից զատ՝ Տրոցենկոյի հետ կապված ընկերությունը ձեռք է բերել մյուս 12,5 տոկոս բաժնեմաս ունեցող ընկերությունը՝ «ԱՄՓ հոլդինգը» ու դրա մոտ 7 տոկոսը նորից նվիրել կառավարությանը (այժմ կառավարության մասնակցությունը ԶՊՄԿ բաժնետիրական կապիտալում 21,8 տոկոս է)։ «Զանգեզուր մայնինգն» այսպիսով նախաձեռնում է դատական գործընթացներ՝ ԶՊՄԿ բաժնետոմսերի նախապատվությունն իրենց տալու, առքուվաճառքի և նվիրատվության գործարքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ըստ էության, սա վերաբերում է ԶՊՄԿ-ի 2020-ից հետո տեղի ունեցած բաժնետոմսերի փոխանցումների բոլոր գործարքներին։

Տրոցենկոյի կողմից կոմբինատի հիմնական բաժնեմասի ձեռքբերման գործընթացը կատարվել է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համապատասխան թույլտվության արդյունքում։ Վարչական դատարանում այս որոշումը ևս վիճարկվում է ու քննվում դռնփակ կարգով։

Մանրամասերը՝ սկզբնաղբյուր կայքում։