Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների շրջանակում։
Նախագծի հիմնական նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։
Այսպես, սահմանվում է ծրագրի շահառուների նոր՝ առավել թիրախային շրջանակ, ըստ որի ծրագրից կարող են օգտվել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ամուսինները, երեխա չունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը, ինչպես նաև առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը՝ այրին։
Սահմանվում է, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։
Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում։
Կարգավորվում են նաև այն դեպքերը, երբ շահառուի երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, այս դեպքում ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր:
Սույն փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից։