Շարժումը չի մարել, և շարժում հասկացությունը եթե ընկալվում է ակտիվ ակցիաների տեսակետից, հիմա ժամանակավոր դադար է ակցիաների առումով։ Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։
Դիտարկմանը շարժումը մարելու մասին հարց է տրվում, որովհետև երբ Իշխան Սաղաթելյանի շարժումն էր, իրենք կրկին հայտարարում էին, որ շարժումը չի մարել, իրենք գնալու են մարզեր, ստեղծելու են շարժման մարզային կենտրոններ և այդպես «ջրվեց- գնաց»։
«Եթե Դուք «Դիմադրություն» շարժումը նկատի ունեք, ապա այդ շարժման հետևանքներից մեկն էլ այն է, որ ժողովրդի ավելի մեծ հատված ընկալեցին այսօրվա իշխանության արատացվոր քաղաքականության հետևանքները և ավելի շատ մարդիկ այս շարժմանը մասնակից դարձան, պահանջատեր դարձան։ Այդ պահանջները քանի դեռ բավարարված չեն, շարժումը չի կարող մարել»,-ասաց Մինասյանը։
Հարցին, թե իսկ ինչո՞ւ չստացվեց իշխանափոխությունը, որը պահանջներից մեկն է, Արծվիկ Մինասյանն ասաց․«Իսկ ով է ասում, որ միանգամից․․․»։
Պետրոս Ղազարյանը հակադարձեց՝ ինչպե՞ս՝ ով է ասել, Սրբազանն էր ասում 7-10 օր, 96 ժամ, ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց․«Գործող իշխանությունների հեռացումը չի ստացվում, որովհետև մենք գործ ունենք խմբի հետ, ովքեր ամեն ինչ օգտագործում են, որ այդ աթոռից չպոկվեն․ օգտագործում են զինված ստորաբաժանումներ, իրենց միջազգային կապերը, լրատվամիջոցները, ֆեյքերը մարդկանց վարկաբեկելու համար, եթե մենք այդպես անեինք, նիկոլական իշխանությունը չէինք ունենա»։
Հարցին, թե շարժումը դրա համար չհաջողե՞ց, Արծվիկ Մինասյանը չահամաձայնեց․«Երեք հիմնական նպատակ է Սրբազանը հայտարարել․ ներքին և արտաքին համերաշխություն, չենք ձախողել, 2-րդը՝ Հայաստանը հանել այս վիճակից, որը վերածվել է բոքսի տանձիկի, և երրորդը՝ նախապատրաստվել ազատ ընտրությունների և ժողովուրդը ձևավորի իր բարձարագույն ներկայացուցչական մարմինը»։
Դիտարկմանը, թե իրենք երեքն էլ ձախողել են, Արծվիկ Մինասյանը կրկին չհամաձայնեց։