Հետևեք մեզ։

Կառավարությունը 1,7 միլիարդ դրամ է ուղղում լուծարվող ANIF-ի պարտավորությունների մարմանը

11:01, 28 հունիս 2024
Կառավարությունը 1,7 միլիարդ դրամ է ուղղում լուծարվող ANIF-ի պարտավորությունների մարմանը

Կառավարությունը երեկվա նիստում որոշում է կայացրել 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի պարտավորությունների մարմանը։ 


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ գումարն ուղղվում է ANIF-ի պարտավորությունների մարման և 2024-ի պահպանման ծախսերին, սակայն չի մեկնաբանվում, թե ի վերջո՝ որքա՞ն է ANIF-ի պարտավորությունների ծավալը և ուր պետք է ուղղվեն դրանք։


Նշենք նաև, որ Քննչական կոմիտեում ANIF-ի գործով կա նախաձեռնված քրեական վարույթ, սակայն մեղադրյալների մասին դեռ ինֆորմացիա չկա։


Հիշեցնենք, որ մարտին կայացվել էր ANIF-ի լուծարման որոշումը, իսկ մայիսի 23-ին կառավարությունը նախքան վերջնական լուծարումը դրա կառավարումը հանձնեց պետական գույքի կառավարման կոմիտեին։


Նշենք նաև, որ ANIF-ը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն էր, որի գործունեությունը միտված էր խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը: Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2019-2023 թթ. ANIF-ի տնօրենների խորհրդի նախագահն էր: