Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով նոր մրցույթ է հայտարարվել։ Այս մասիին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը` անդրադառնալով նոր ընտրությանը:․
«Այսօր Հանրային հեռարձակողի խորհուրդն ազդարարեց Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ արարի մեկնարկը։
Կարծում եմ՝ հասկանալի է, որ աշխատանքի վերադառնալու հարցն ինձ համար այլևս լոկ կարիերայի խնդիր չէ։ Ավելի ճիշտ՝ կարիերայի խնդիր չէ բացարձակապես:
Հանրային հեռարձակման ինստիտուտի շուրջ ընթացող ներկայիս զարգացումներն աննախադեպ են բազմաթիվ պատճառներով և վստահորեն իրենց համեստ տեղն են գտնելու մեդիայի և, թերևս, ոչ միայն մեդիայի առնվազն բուհական դասագրքերում։ Ներգրավված բոլոր կողմերին գործընթացի բացառիկ կարևորության սթափ և լիարժեք գիտակցում եմ մաղթում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով անցկացված առաջին մրցույթը չի կայացել։ Ներկայացված էր 5 թեկնածու: