Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը։
«Քանի որ Ադրբեջանը վերականգնեց իր անկախությունը, Միացյալ Նահանգները տրամադրել է ավելի քան 1 միլիարդ դոլար կրթության և տնտեսական զարգացման ամրապնդման, հակամարտությունից տուժած տեղահանված մարդկանց օգնելու և երկիրը մահաբեր ականներից մաքրելու համար: Մենք շահագրգռված ենք ապագային միտված գործընկերություններով: Այս ամիս մեր ադրբեջանցի գործընկերներն ինձ ասացին, որ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ՝ մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանից ռուսական զորքերի հեռանալուց հետո, երկրի տարածքում այլևս օտարերկրյա զորքեր չկան»,-նշել է ամերիկացի դիվանագետը։
Բացի այդ, նա հայտնել է․ «Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Հայաստանը սկսեցին սահմանազատումը, բանակցություններ են վարել կալանավորների փոխանակման շուրջ և ազդարարել են, որ ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միացյալ Նահանգները նույնպես կարծում է, որ այս ուշագրավ քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել»: