Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մասուդ Փեզեշքիանն այս ընտրություններում միակ բարեփոխիչ թեկնածուն է և մինչ այս պահը հաշշված ձայներով՝ ընտրապայքարի առաջատարը։
Փեզեշքիանը ծնվել է Մահաբադում 1954թ. սեպտեմբերի 29-ին, իրանցի ադրբեջանցի հորից և իրանցի քուրդ մորից:
Նրա քաղաքական կարիերան սկսվել է այն պահից, երբ նա միացել է Մոհամմադ Խաթամիի վարչակազմին՝ որպես առողջապահության փոխնախարար 1997 թվականին: Նա չորս տարի անց նշանակվել է առողջապահության նախարար՝ այդ պաշտոնը զբաղեցնելով 2001-2005 թթ.:
Այդ ժամանակվանից նա հինգ անգամ ընտրվել է Իրանի խորհրդարանի պատգամավոր՝ ներկայացնելով Թավրիզը և 2016-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։
Փեզեշքիանը Ղուրանի ուսուցիչ է և Նահջ ալ-Բալաղայի՝ շիա մահմեդականների հիմնական տեքստի ասմունքող:
Նա նաև Իրան-Թուրքիա բարեկամության ընկերության անդամ է:
Նա հանդես է գալիս միջուկային գործարքի վերսկսման օգտին՝ ասելով, որ Իրանը պետք է երկխոսություն հաստատի արևմտյան երկրների հետ, Թեհրանը պետք է հարաբերություններ հաստատի Վաշինգտոնի հետ:
2022 թվականին Փեզեշքիանը քննադատել էր Իրանի իշխանություններին՝ իրանցի քուրդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվան հանգամանքների հաղորդման մեջ թափանցիկ չլինելու համար, որը ձերբակալվել էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Իրանի հիջաբի օրենքները անտեսելու մեղադրանքով: Նա մահացել է հիվանդանոցում կալանքի տակ գտնվելու ժամանակ ծեծի ենթարկվելուց երեք օր անց:
Ըստ Financial Times-ի, Փեզեշքիանն աջակցություն է ստացել «իրանական կոշտ քաղաքականությունը քննադատելու իր պատրաստակամության համար»:
Անդրադառնալով տարածաշրջանին. Հունիսի 26-ին Փեզեշքիանը Թավրիզում նախընտրական բազմամարդ հանրահավաք է կազմակերպել, որի ընթացքում հնչել են «Կեցցե՜ Ադրբեջանը» և «Պահանջում ենք ադրբեջանական դպրոցներ բացել» կոչեր: Այդ հանրահավաքի հազարավոր մասնակիցները նաև թուրքական «Գորշ գայլերի» խորհրդանշան են ցուցադրել: