Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի վարձակալության ժամկետն ավարտվել է և ֆուտբոլիստը վերադառնում է ռուսական «Սոչի»:
Այս մասին հայտնում է «Փյունիկ» ակումբի մամուլի ծառայությունը:
Հովհաննես Հարությունյանը խաղացել է ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել «Փյունիկ»-ի գլխավոր թիմում:
Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում նպաստել է «Փյունիկ»-ի 16-րդ չեմպիոնությանը: Մրցաշրջանի աշնանային հատվածում Հովհաննեսն իր անվան դիմաց ուներ 11 գոլ և 3 արդյունավետ փոխանցում: Ռուսական ակումբից վերադառնալուց հետո Հարությունյանը 14 խաղից հետո դարձել է 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հովհաննես Հարությունյանը 2021-ին «Արարատ-Արմենիա»-ից վերադառնալով հարազատ ակումբ՝ օգնել է թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել է 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:
2022-ի ամռանը Հարությունյանը մեծ ներդրում է ունեցել «Փյունիկ»-ի եվրագավաթային պատմական դարձած շրջանում, որտեղ թիմը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ փուլերը, այնուհետև նորամուտը նշեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, տարավ հայկական ակումբների առաջին հաղթանակը եվրոպական մրցաշարի խմբային փուլում: 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառվա եվրագավաթներում հատկապես փայլել է արդյունավետությամբ՝ 5 խաղում դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հարությունյանը թիմից հեռանում է որպես Հայաստանի կրկնակի չեմպիոն: 157 խաղից հետո «Փյունիկ»-ում իր անվան դիմաց Հարությունյանն ունի խփած 27 գոլ և կատարած 26 արդյունավետ փոխանցում:
Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվել ազգային ընտրանու կազմում: Նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022-ի արդյունքներով: