Հետևեք մեզ։

Տիգրան Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք»

14:25, 29 հունիս 2024
Տիգրան Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք»

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ավագ որդին՝ Մուշեղ Խաչատրյանը, նախորդ տարի 72 մլն դրամ արժեքով բնակելի տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել։ Այս մասին նշված է նրա՝ 2023թ․ եկամուտների տարեկան հայտարարագրում։

«Հետքը» գրում է․

«Մուշեղ Խաչատրյանը Ջրվեժ համայնքում միանձնյա սեփականության իրավունքով մեկ հողամաս և անհատական բնակելի տուն է հայտարարագրել։ Բնակելի տունը, ըստ հայտարարագրի, փոխվարչապետի որդին ձեռք է բերել հաշվետու տարում՝ 2023 թվականի հոկտեմբերին։ Բնակելի տան արժեքը 72 միլիոն դրամ է, ձեռքբերման եղանակ դաշտում նշված է «այլ», ինչի վերաբերյալ, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հայտարարատուն մանրամասնել է «Նկարագրություն» դաշտում, որը հրապարակման ենթակա տվյալ չէ։ Նախորդ տարվա հայտարարագրում Մուշեղ Խաչատրյանը նշել էր Ջրվեժում գտնվող հողին ամրակայված անշարժ գույքի մասին, որը նոր հայտարարագրում նշված չէ, չկա նաև օտարելու մասին նշում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է, որ այս անշարժ գույքերը նույնական են։ Նույն հասցեն ունի նաև հայտարարագրված հողամասը (շուրջ 1000 քմ), որտեղ բնակելի տուն վերակառուցելու շինթույլտվություն Մուշեղ Խաչատրյանը ստացել էր դեռ 2018 թվականի մայիսի 14-ին, սակայն, ինչպես երևում է արբանյակային պատկերներում, շինաշխատանքները սկսվել են մի քանի տարի անց՝ ոչ շուտ, քան 2021-ի փետրվարը։ 2022-ի մարտին շինթույլտվության ժամկետը երկարացվել է երկու տարով, մեկ տարի անց փոփոխվել է նախագիծը։

 

2019-2023 թվականներին Մուշեղ Խաչատրյանը 13 արժեթուղթ է ձեռք բերել։ Դրանցից 7-ը Interactive Brokers LLC-ի՝ 2021-ին գնված բաժնետոմսերն են, որոնց ընդհանուր արժեքը 2023-ի տարեվերջին կազմել է 10853 ԱՄՆ դոլար։ Interactive Brokers LLC-ն ամերիկյան բրոքերային ընկերություն է։

 

Ամենաթանկարժեք բաժնետոմսը 3.4 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմսն է, որը նախորդ տարվա փետրվարին է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայից (AMX):

 

Մուշեղ Խաչատրյանը նաև ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ-ի բաժնետոմսեր է նվեր ստացել 2021-ին և 2023-ին, առաջինի գինը նախորդ տարվա վերջում կազմել է 2.8 մլն դրամ, մյուսը՝ 3.5 մլն դրամ։ Բացի դրանից, Մուշեղ Խաչատրյանը «Ռեվոլուշնարի թեքնոլոջիս» ՓԲԸ խորհրդի անդամ և բաժնետեր է (2.18%՝ ըստ Տիգրան Խաչատրյանի հայտարարագրի): Այս ընկերությունը «Ակբա ֆեդերացիա» ՓԲԸ-ի հետ հիմնել է REVYTECH բրենդի ներքո հանդես եկող «Ակբա թեքնոլոջիս» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մշակմամբ։ 

 

Բացի Ակբա բանկի բաժնետեր լինելուց, Մուշեղ Խաչատրյանը բանկում նաև վարչական պաշտոն է զբաղեցնում։ Ըստ Տիգրան Խաչատրյանի հայտարարագրի՝ որդին բանկում բաժնի ղեկավար է։ 

 

Մուշեղ Խաչատրյանը հաշվետու տարում մոտ 50 մլն դրամ եկամուտ է ստացել, որից մոտ 30 մլն դրամը Ակբա բանկից ստացած աշխատավարձն է։ Նույն բանկում տարեսկզբին Մուշեղ Խաչատրյանը 39 հազար ԱՄՆ դոլար ավանդ է ունեցել, որը տարեվերջին արդեն չի եղել։ Այս ավանդից ստացված տոկոսագումարն էլ կազմել է 1867 դոլար։

 

«Ակբա ֆեդերացիայից» Մուշեղ Խաչատրյանը շուրջ 5․5 մլն դրամ է ստացել՝ որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց։ 224 հազար դրամ եկամուտ էլ ստացել է նույն ընկերության իր շահաբաժնից։ Մուշեղ Խաչատրյան ԱՁ-ի գործունեությունից նախորդ տարի 16 695 դոլար եկամուտ է ունեցել։ Փոխվարչապետի որդին հայտարարագրել է նաև 6 մլն եկամուտ ՊԵԿ-ից, որը նրան վերադարձված եկամտահարկն է։ Հայաստանի ֆոնդային բորսայից էլ ստացել է 1 մլն 142 հազար դրամ։

 

Քիչ չեն եղել նաև Մուշեղ Խաչատրյանի ծախսերը։ Նա 2023-ին 35․6 մլն դրամ միանվագ ծախս է հայտարագրել, 25 հազար ԱՄՆ դոլար վճարել է ուսման համար, շուրջ 8․6 մլն դրամ էլ՝վարկի մարման համար։

 

Մուշեղ Խաչատրյանը բանկային հաշիվներին նախորդ տարվա վերջում 1․5 մլն դրամ և 67 հազար ԱՄՆ դոլար է ունեցել։ Հայտարարագրել է նաև 71 եվրո, հաշվետու տարվա սկզբում այս հաշվին 38 հազար եվրո է եղել։ Կանխիկ գումար, ըստ հայտարարագրի, փոխվարչապետի որդին չունի։

 

Մուշեղ Խաչատրյանը նաև տարբեր կրիպտոարժույթներ է հայտարարգրել, որոնց ընդհանուր արժեքը տարեվերջին 11 հազար դոլար է եղել։

 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և կինը՝ Գոհար Խաչատրյանը, համատեղ սեփականության իրավունքով 6 անշարժ գույք են հայտարարագրել»։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։