Ինձ մոտ հարց է առաջանում՝ որքան ես հիշում եմ՝ նախագծով մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության համար ընդամենը 4 տարի էր նախատեսվում, եկեք հասկանանք՝ ինձ համար տարակուսելի են փորձաքննությունների էսքան երկար տևող պրոցեսները։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ենթադրաբար՝ կես տարի չպետք է տևեր։ Պարզ փորձաքննությունը ենթադրում ենք, որ օգոստոսին կվերջացնենք, ՇՄԱԳ-ը ընթացքի մեջ է, որը ևս 4 ամիս կտևի։ Ամեն դեպքում, շինարարության համար նախատեսված ժամկետը 4 տարի է՝ ըստ նախագծի։ Ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում պետք է այն ավարտվի։ Եկեք մենք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք, որովհետև ինչքան տենց վատատեսական սցենարներ քննարկենք, այդ տրամաբանությունն էլ կունենանք իրական կյանքում։
Եկեք ֆիքսենք նախագծով նախատեսված ժամկետը՝ դա 4 տարի է, հաջորդ տարվա համար միջնաժամկետ ծախսային ծրագրերում հաստատվել է 6 մլրդ դրամ, դա բավարար չի լինելու։ Մենք ունենք տրված խոստում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման, այդ կայարանը կառուցվելու է։ Երբ որ պետք է ես միջամտեմ, խնդրում եմ, ինձ պարբերաբար տեղյակ պահեք, որովհետև սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև եթե էդ ընթացքով գնանք, իր դանդաղ մահով կմահանա»,-ասաց Տիգրան Ավինյանը։