Հետևեք մեզ։

Երևանի ավագանու «Իմ քայլ»-ի անդամը Էջմիածնի կինոթատրոնը բազմաբնակարան շենքի վերածելու հայտ է ներկայացրել․ hetq.am

17:01, 20 ապրիլ 2023
Երևանի ավագանու «Իմ քայլ»-ի անդամը Էջմիածնի կինոթատրոնը բազմաբնակարան շենքի վերածելու հայտ է ներկայացրել․ hetq.am
 

Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքը և ցանկանում է տեղում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել․ գրում է Hetq.am-ը։


Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, մարմարե սալերով, կամարներով ու մեծ ջահերով երկհարկանի շենքի տեղում նախատեսվող շինության էսքիզային նախագծի վերաբերյալ ապրիլի 18-ին հանրային քննարկում էր կազմակերպվել, որը վարում էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:


«Ավա Գրանիտ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին էսքիզային նախագիծը: Ինչպես պարզվեց, վերակառուցումից հետո պահպանվելու են միայն շենքի ճակատային կամարային լուծումները, որի հետևում վեր է խոյանալու 35 մետրանոց բարձրահարկ շինությունը: Մոտակայքում ամենաբարձրահարկ շինությունը Էջմիածնի համայնքապետարանի 7 հարկանի վարչական շենքն է: Նորակառույց շենքը, ըստ նախագծի, 10-հարկանի է: Նախատեսվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի՝ մոտ 80 ավտոմեքենայի համար:


Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, առաջին երկու հարկերում լինելու են հասարակական տարածքներ՝ սրճարաններ, 2 կինոդահլիճ՝ յուրաքանչյուրը 50-տեղանոց, երեխաների համար զվարճանքի վայրեր: Իհարկե, կինոդահլիճներն անհամեմատ փոքր են լինելու նախկին կինոթատրոնի դահլիճներից:


Կինոթատրոնի հարևանությամբ գտնվող շնքերի բնակիչներն անհանգստացած են, որ նորակառույց շենքը կաթվածահար է անելու առանց այդ էլ համայնքապետարանի գոյությամբ պայմանավորված, ծանրաբեռնված երթևեկը: Բացի այդ, կինոթատրոնի շենքի անմիջական հարևանությամբ կիսակառույց հյուրանոց կա: Եթե դա էլ շահագործվի, տարածքում տեղաշարժվել չի լինի:


Դիանա Գասպարյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, փորձում էր չեզոքություն պահպանել, սակայն հարցերին պատասխանելիս չէր թաքցնում վերաբերմունքը, որ կողմ է կինոյի տան տեղում բազմաբնակարանային շենքի կառուցմանը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Հետևեք Hayastan.news-ի տեկեգրամյան ալիքին՝ այստեղ։