Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի դիտարկմամբ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ-ի վրա եղել են ճնշումներ, հատկապես ինքնիշխանության տեսակետից, և երկիրը դրան կարողացել է դիմակայել հենց ժողովրդավարության միջոցով։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե ՀՀ-ն ժողովրդավարական համակարգ չունենար, ապա դժվար թե կարողանար այդ ճնշումներին դիմակայել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԽ քարտուղարը նման կարծիք է հայտնել Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի շրջանակներում։
Արմեն Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ ֆորումի անցկացումը շատ կարևոր է, քանի որ ժողովրդավարությունն առանց հանրային քննարկման ավելի քիչ դիմակայուն է, և այդ առումով շատ կարևոր են այսպիսի հանրային քննարկումները։
Նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության եւ անվտանգության միջև իրականում հակադրություն չկա:
«Փորձում են հակադրություններ ստեղծել, բայց միանշանակ է, որ ժողովրդավարական կառավարման համակարգն ավելի կայուն է: Նախ կայուն է ակնկալիքների առումով, փոփոխությունները ընտրությունների միջոցով են տեղի ունենում և հաճախ հանրային ընկալումների փոփոխություններն արտահայտվում են ընտրությունների միջոցով»,-իր խոսքում նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը՝ շեշտելով, որ իր համոզմամբ՝ ժողովրդավարական համակարգերն ամենակայունն են և անվտանգ են։
Ըստ Գրիգորյանի՝ 2018-ից սկսած ՀՀ կառավարության աշխատանքային ուղղություններից մեկը եղել է նաև այն, որ փորձ արվի ընդլայնել անվտանգության հայեցակարգի ընկալումը։
«Երբեմն փորձ է կատարվում շատ նեղ հասկացության մեջ անվտանգությունն ընկալել, այսինքն՝ դա ընկալել հիմնականում Զինված ուժերի կամ անվտանգության ինստիտուտների մասով, բայց իրականության մեջ անվտանգությունը շատ մեծ հասկացություն է, և շատ դեպքերում ԶՈւ-ի և անվտանգության ինստիտուտների աշխատանքը կախված է նաև համակարգի այլ ինստիտուտների աշխատանքից, և եթե որևէ պահի անվտանգության ինստիտուտներն իզոլացված են աշխատում, դա միայն բացասական ազդեցություն է ունենում», - ասել է Գրիգորյանը ։
Ըստ նրա՝ ժողովրդավարությունը եղել է այն հիմնական գործիքը, որով ՀՀ-ն կարողացել է քաղաքական ճգնաժամերը հաղթահարել ։
Արմեն Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանափոխության միակ գործիքն արդեն ընտրություններն են, և այլ գործիք ՀՀ-ում գոյություն չունի, ու դա հիմնական հաջողություններից մեկն է։
«Առնվազն վերջին 4 տարիներին՝ 2020 թվականի պատերազմից հետո, Հայաստանն իր վրա եղած ճնշումներին՝ հատկապես ինքնիշխանության տեսակետից, կարողացել է դիմակայել ժողովրդավարության միջոցով։ Համոզված եմ՝ եթե ՀՀ-ն ժողովդավարական համակարգ չունենար, դժվար թե այդ ճնշումներին դիմակայեր», - ընդգծել է ԱԽ քարտուղարը։