Ճամփորդական ընկերությունները ստիպված են եղել տարհանել հունական Կոս կղզում հանգստի մեկնած հարյուրավոր հաճախորդներին անտառային համատարած հրդեհների պատճառով:
Շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտնում է, որ հուլիսի 1-ի երեկոյան փրկարարների հրամանով շվեդ զբոսաշրջիկներին ևս սկսել են տարհանել Կարդամենա քաղաքի մոտակայքում գտնվող հյուրանոցներից։ Մինչ լուսաբաց տարհանվել է ավելի քան 200 զբոսաշրջիկ, գրում է eurointegration.com.ua-ը
Դեպքերի ականատեսներից մեկը՝ լեհական RMF24-ին պատմել է, որ ժամը 14-ի սահմաններում կրակի ծուխն արդեն երևացել է լողափից։
«Մեզ հավաստիացրել են, որ ոչ մի սարսափելի բան չի կատարվում, սարերում հրդեհ է բռնկվել, ուղղաթիռները պտտվում են, հանգցնում են այն, իսկ մոտ մեկ ժամ անց ոստիկանները եկան հյուրանոց և ասացին, որ արագ հավաքենք ամենաանհրաժեշտը իրերը, որովհետև տարհանում է», - ասել է նա:
Տարհանվածներին սկզբում տեղավորել են դպրոցի մարզադահլիճներում։
Apollo տուրիստական ընկերությունը հայտնել է, որ դեռ ամբողջական տարհանման վերաբերյալ հրաման չի տրվել, ուստի զբոսաշրջիկները դեռ փնտրում են կացարանի տարբերակներ: «Մենք սպասում ենք իրադարձությունների զարգացմանը, եթե իրավիճակը բարելավվի, նրանք կկարողանան վերադառնալ հյուրանոցներ, կամ մենք կկազմակերպենք նոր կացարաններ», - ասել է խոսնակը։
Հունական Kathimerini-ն հայտնում է, որ ընդհանուր առմամբ կղզու վտանգավոր գոտուց տարհանվել է մոտ 10 հազար մարդ՝ զբոսաշրջիկներ և տեղի բնակիչներ։ Ներկայում հրդեհը, որը տարածվում էր Կարդամենայի ուղղությամբ, արդեն վերահսկվում է։
Բացի Կոս կղզուց, հրդեհներ են նաև Քիոս և Կրետե կղզիներում։