Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում հակաթուրքական ցույցերը:
«Սխալ է Կայսերիում տեղի ունեցած տխուր իրադարձությունները օգտագործել մեր սահմաններից դուրս ինչ-որ սադրանքի համար։ Թուրքիայի ջանքերն ու սկզբունքային դիրքորոշումը սիրիացի ժողովրդի բարեկեցության հարցում վեր են ցանկացած սադրանքներից»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին Կայսերի նահանգում սիրիացի փախստական է ձերբակալվել՝ շուկայի հանրային զուգարանում իր յոթամյա ազգականին բռնաբարելու համար։ Երեխայի նկատմամբ բռնության մասին հաղորդագրությունը արագ տարածվեց սոցիալական ցանցերում՝ առաջացնելով տեղի բնակիչների զայրույթը և զանգվածային բողոքի ցույցեր։ Կենտրոնական Անատոլիայում մարդիկ այրեցին Սիրիայի քաղաքացիների մեքենաներն ու առևտրի տաղավարները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմությանը մեղադրել է ատելություն սերմանելու մեջ և խոստացել պայմաններ ստեղծել սիրիացիների հայրենիք վերադառնալու համար։ Նա նշել է, որ փախստականների նկատմամբ այլատյացությունն ու ատելությունը դրական արդյունքների չեն բերում։
Կայսերիում տեղի ունեցած անկարգությունները բացասական արձագանք են առաջացրել Սիրիայում։ Ատրեբում տեղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել թուրքական բանակի դեմ՝ սահմանին այրել են Թուրքիայի դրոշը։